Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի՝ երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելը կնպաստի համահայկական խնդիրների լուծմանը։ Փետրվարի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ պատգամավոր Հրայր Կարապետյանը։

Նրա խոսքով, նրանք, ովքեր սատարում են երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելու գաղափարին, կողմնակից են հայ ժողովրդի համար արդիական հարցերի լուծմանը։ «Նրանք, ովքեր դեմ են այդ գաղափարին, մտածում են ինչպես մեր թշնամիները»,- նկատեց Կարապետյանը։

Ընդգծելով Հայաստանի՝ երկպալատ խորհրդարանական համակարգի անցում կատարելու անհրաժեշտությունը՝ խորհրդարանականը նշեց, որ այս գաղափարի իրականացման ինստիտուցիոնալ մոտեցումները կճշտվեն ավելի ուշ։

Նշենք, որ երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարն առաջ է քաշել ՀՅԴ-ն, դրա մասին օրերս խոսել էր նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։