Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր զորամասում փոխգնդապետ  Սարգիս Տարախչյանի մասնակցությամբ ոչ  մի միջադեպ չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը` հերքելով մամուլի այն հրապարակումը, ըստ որի` 33-ամյա Սարգիս Տարախչյանը մտել է ականազերծողների զորամիավորում եւ տեսնելով, որ ճաշարանից զորանոց վերադարձած զինվորները հանգստանում են, բռունցքներով ծեծել է ժամկետային զինծառայողներին, ոմանց գլուխները խփել պատին, ապա ձեռքն է վերցրել փայտե աթոռը  ու դրանով շարունակել ծեծը:

Դավիթ Կարապետյանը նշեց նաեւ, որ մամուլում հաճախ են բանակին վերաբերող ստահոդ տեղեկություններ հրապարակվում, վերոնշյալ հոդվածն էլ դրանց շարքից է:

Նկատենք, որ ՊՆ-ն տարօրինակ կերպով է արձանագրում  բանակին վերաբերող մամուլի հրապարակումներին, որպես կանոն նշելով, թե նման տեղեկություններ տպագրող լրատվամիջոցները այսպիսով իրենց ռեյտինգն են փորձում բարձրացնել: Ուստի, ինչպես նշեց Դավիթ Կարապետյանը, (ով ի դեպ մեր զանգին պատասխանելու պահին Հայաստանում չէր), ՊՆ-ն  դատի չի տալիս այդ լրատվամիջոցներին, այլ նախընտրում է «նրանց բարոյապես ոչնչացնելու տարբերակը»:  

Թե ինչպես է դրսեւորվում այդ տարբերակը` մնում է միայն ենթադրել: