Եգիպտոսում հունվարի 28-ին՝ «Զայրույթի օրվա» ընթացքում, դիվանագիտական ավտոմեքենան Կահիրեում հարվածել է ավելի քան 20 ցուցարարների։ Ականատեսը տեսահոլովակ է նկարել, որը տարածվել է ինտերնետում։ Հեռավորությունը, սակայն, թույլ չի տալիս պնդել, որ դա իսկապես դիվանագիտական մեքենա է եղել։

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրած անձանցից մեկը պնդում է, որ մեքենան պատկանում է ԱՄՆ դեսպանատանը։

Դատելով տեսահոլովակից՝ սպիտակ միկրոավտոբուսը չի կարողացել անխոչնդոտ առաջ ընթանալ, քանի որ ամբոխը փակել է այդ հատվածը։ Այնուհետեւ մեքենան շարժվել է եւ մխրճվել ամբոխի մեջ՝ հարվածելով մի քանի մարդու։ Ոչ պաշտոնական տվյալներով, մեքենան հարվածել է 20 մարդու։ Նրանց մեջ ծանր վնասվածքներ ստացած եւ անգամ զոհված մարդիկ կան, հայտնում է NEWSru.com-ը։

Նշենք, որ փետրվարի 4-ին Եգիպտոսում ընթացել է բողոքի ակցիա։ Ցուցարարները պահանջել են բարեփոխումեր իրականացնել։ Նրանք նաեւ պահանջել են պաշտոնաթող լինել երկիրը 30 տարի ղեկավարող 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքին:

Եգիպտոսի ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ է արել փետրվարի 4-ը հայտարարել «Մուբարաքի վերջին օր», իսկ Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիկը ՆԳՆ հրահանգել է չխոչընդոտել խախաղ երթերին։ Ակցիաներ կազմակերպիչները մտադիր են Եգիպտոսի մայրաքաղաքում հավաքել մինչեւ մեկ միլիոն մարդու։