Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ փետրվարի 4-ին կառավարությունում ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենակի կողմից հրավիրված կարգավորիչ բարեփոխումների ոլորտի առաջատար փորձագետ Սքոթ Յակոբսին, որի հետ քննարկել է կարգավորիչ բարեփոխումների վերաբերյալ համաշխարհային փորձը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Սքոթ Յակոբսն անդրադարձել է այդ ոլորտում աշխարհի տարբեր պետությունների լավագույն փորձառությանն ու Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակ բարեփոխումների անցկացման հնարավորություններին:

Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում պետական կարգավորման արդյունավետ համակարգի կատարելագործման կարեւորությանն ու կարգավորիչ դաշտի ազդեցության գնահատման խնդիրներին: Սքոթ Յակոբսը կարեւորել է այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետությունների մեջ Հայաստանն այս հարցում առաջատար դիրք ունի: Նշվել է, որ կարգավորիչ ոլորտի բարեփոխումները հանգեցնում են տնտեսական աճի, վարչարարության բարելավմանն ու բարերար ազդեցություն են ունենում թե´ ներդրումային, թե´ գործարար միջավայրի վրա:

Սքոթ Յակոբսը զբաղեցնում է կարգավորիչ բարեփոխումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Jacobs & Associates»-ի գործադիր տնօրենի պաշտոնը: Ընկերությունը կարգավորիչ բարեփոխումների ոլորտի ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 80 երկրներում: