Իրանը մտադիր է սիրիական բանակին սեփական արտադրության կործանիչներ եւ ՀՕՊ համակարգեր մատակարարել: Այս մասին հայտնել է Al-Masdar լրատվական պորտալը՝ վկայակոչելով Դամասկոսում աղբյուրին:

Ըստ տեղեկությունների՝ խոսքը նորագույն «Ղոուսար» կործանիչի եւ «Բավար-373» զենիթահրթիռային համալիրի մասին է, որը Թեհրանի պնդմամբ՝ ռուսական Ս-300 ԶՀՀ նմանակն է: Չեն հստակեցվում մատակարարումների ժամկետները եւ ծավալները:

Թեհրանից կամ Դամասկոսից պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չի ստացվել:

Անցած շաբաթ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին պաշտոնական այցով Դամասկոս էր այցելել, որտեղ բանակցություններ էր անցկացրել իր սիրիացի գործընկեր Ալի Աբդալլահ Այուբի հետ եւ ընդունվել էր երկրի նախագահ Բաշար Ասադի կողմից: Այցի շրջանակում 2 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանագիր էին ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին:

«Ղոուսար» կործանիչն առաջին անգամ ցուցադրվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին: Ինչպես հայտնել էր Tasnim գործակալությունը, այն դասվում է ռեակտիվ ռազմական օդանավերի 4-րդ սերնդին եւ հագեցած է  բալիստիկ հաշվարկների համակարգչային համակարգով ու բազամթիրախային ռադարով: Սա առաջին օդանավն է, որն ամբողջությամբ մշակվել ու արտադրվել է Իրանի տարածքում:

«Բավար-373» համալիրը նույնպես ամբողջությամբ Իրանում է պատրաստվել, այն առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի օգոստոսի 21-ին: Ակնկալվում է, որ շահագործման է հանձնվելու մինչեւ ընթացիկ տարեվերջ: