Սոչիի միջազգային օդանավակայանը փոխհատուցում կտրամադրի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեգիյանի ընտանիքին, որը ինքնաթիռի անհաջող վայրէջքից հետո մահացել է  սրտի նոպայից օպերատիվ գործողությունների ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։ «Որոշում է կայացվել դրամական վճարման մասին։ Այն կազմված է հավաքական պայմանագրով նախատեսված վճարից, դժբախտ դեպքերի ապահովագրությունից եւ տարեկան աշխատավարձի չափից»,-նշել են մամուլի ծառայությունում։

Վլադիմիր Բեգիյանը Սոչիի միջազգային օդանավակայանում աշխատել է ավելի քան 33 տարի։ Իր կարիերան օդանավակայանում նա սկսել է որպես կարգավար-վերահսկիչ, իսկ մահվանից առաջ զբաղեցնում էր համալիրի հերթափոխի ղեկավարի պաշտոնը։ Նա պարգեւատրվել է ՌԴ Տրանսպորտի նախարարության շնորհակալագրով  եւ «Օդային տրանսպորտի գերազանցիկ» կրծքանշանով։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին Մոսկվայից Սոչի ուղեւորվող Boeing 737-800 ինքնաթիռը անհաջող վայրէջք էր կատարել նշանակված օդանավակայանում, այն դուրս ընկնելով  թռիչքուղուց՝ գլորվել էր դեպի գետը, ինչի հետեւանքով վնասվել են շասսիի կանգնակներն ու թեւը, նաեւ ձախ շարժիչն է այրվել։ Ինքնաթիռի սրահում պատահարի պահին 166 ուղեւոր է եղել, նրանցից 18-ը դիմել է բժշկական օգնության։