ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածու, Արիզոնա նահանգից ընտրված սենատոր Ջոն Մակքեյնը խիստ քննադատության է ենթարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Հանդես գալով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում, որտեղ Մակքեյնը ժամանել է ամերիկյան պատվիրակության կազմում, սենատորը Բելառուսի նախագահին անվանել է «անտակտ բռնակալ»:
Ավելին, Մակքեյնի կարծիքով, Լուկաշենկոն նաեւ անգութ քաղաքական գործիչ ու «պատմության սխալ», հաղորդում է ՌԲԿ գործակալությունը՝ վկայակոչելով Associated Press-ը:
Միաժամանակ, ըստ ամերիկյան սենատորի, Մերձավոր Արեւելքում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները պետք է «լուրջ դաս» դառնան ամեն տեսակ կառավարությունների համար, ովքեր «ոտնահարում են մարդկանց իրավունքները՝ տրված Աստծո կողմից»: Միաժամանակ, Մակքեյնն ընդգծել է, որ ցանկացած նման ռեժիմ դատապարտված է տապալման:





























