Երեւանի եւ Իտալիայի քաղաքների միջեւ համագործակցության հնարավոր ուղիների ակտիվացման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հանդիպման ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, դեսպանը նշել է, որ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ եւ սիրով է իրականացնում իր դիվանագիտական առաքելությունը:

Ի պատասխան դեսպանի խոսքերի, Կ. Կարապետյանը նշել է, որ հայ եւ իտալացի ժողովուրդների միջեւ նմանություններ շատ կան` ինչպես մշակութային ավանդույթների, այնպես էլ բնակիչների ջերմ ու սիրալիր վերաբերմունքի առումով: Համագործակցությունն էլ ավելի նպատակային դարձնելու համար, երկուստեք կարեւորվել է ակտիվացնել հարաբերությունները Երեւանի քույր քաղաք հռչակված իտալական Կարարա քաղաքի հետ: «Մենք փորձելու ենք որոշակի որակ եւ գործնական հագեցածություն տալ երկկողմ համագործակցությանը, ինչը թույլ կտա օգտակար լինել մեկը մյուսին»,- նշել է քաղաքապետը:

Նա ընդգծել է, որ փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարեւոր է նաեւ իտալացի ճարտարապետների եւ դիզայներների մասնակցությունը քաղաքապետարանի նոր նախաձեռնություններին: