Կահիրեի կենտրոնական Թահրիրի հրապարակում փետրվարի 4-ին ցուցարարների թիվը անցել է մեկ միլիոնից: Նրանք պահանջում են երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

Կեսօրից հետո հավաքված ցուցարարները որոշել են երթով շարժվել նախագահական նստավայրի ուղղությամբ:

Հզոր հակակառավարական ցույցեր են տեղի ունենում նաեւ Եգիպտոսի այլ քաղաքներում, մասնավորապես, Էլ-Մանսուրում եւ Ալեքսանդրիայում, որտեղ կեսօրից հետո բախումներ են տեղի ունեցել Մուբարաքի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ:

Կահիրեում բախումներից հնարավոր է եղել խուսափել: Հազարավոր զինվորականներ շրջապատել են Թահրիրի հրապարակը եւ թույլ չեն տվել Մուբարաքի կողմնակիցներին մտնել այնտեղ:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում հուզումները սկսվել են հունվարի 25-ին: Ցուցարարների ճնշման տակ երկրի նախագահը ցրել է կառավարությունը, նաեւ հայտարարել է, որ չի առաջադրվելու հաջորդ նախագահական ընտրություններում: Այդուհանդերձ, մարդիկ պահանջում են 82-ամյա նախագահի անհապաղ հրաժարականը: