Այսօր աշխարհում ամենաշատը Իսրայելն է շահագրգռված, որ Հոսնի Մուբարաքը շարունակի պաշտոնավարել: Նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրես անդամ, Հայաստանի ԱԳ նախկին նախարար  Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով տեղեկությունների, թե իբր Եգիպտոսում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը տեղի են ունենում Իսրայելի միջամտությամբ:  «Իսրայելն ամեն ինչ կանի, որպեսզի Մուբարաքը իր տղայի միջոցով եւս 30 տարի մնա իշխանության»,-հայտարարեց Արզումանյանը: Նրա խոսքով`ցանկացած ռեժիմ էլ հայտարարում է, թե երկրում տեղի ունեցող հասարակական խռովությունները թելադրված են դրսի ուժերի կողմից:

«Հիշեք, թե ինչ էին ասում ժամանակին գալուստսահակյանները, որ ընդիմության կողմից առաջնորդվող շարժման նպատակը  նարնջնագույն հեղափոխություն անելն է, որ փողեր են բերում երկիր եւ այլն…Նման հռետորաբանությունը ամենահեշտ եւ զազրելի ձեւն է որեւէ բան վարկաբեկելու համար: Դուք վիրավորում եք երկու միլիոն ցուցարարներին երբ ենթադրում եք, որ նրանց ուղղորդում են»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Եգիտոսում տեղի ունեցող իրադարձություններին ԱՄՆ-ի միջամտությանը, ապա, նախկին ԱԳ նախարարի խոսքով, այժմ ԱՄՆ-ում դեբատը ծավալվում է ոչ այն հարցի շուրջ, թե պետք է Մուբարաքը մնա, կամ՝ չմնա, այլ` թե երբ հեռանա:

«Իսկ Եգիպտոսի հասարակությունը պահանջում է, որ Օբաման խիզախություն ցուցաբերի եւ հրապարակային պահանջի Մուբարաքի անհապաղ հեռացումը, քանի որ արյան պատճառը հենց նա է: Իսկ Օբաման դա չի անում»,- ասաց նա: Արզումանյանի խոսքով` ԱՄՆ-ի հռետորաբանությունը  փոխվեց այն բանից հետ, երբ հարձակումներ եղան լրագրողների վրա եւ ԱՄՆ ստիպված եղավ դիրքորոշում արտահայտել: