Եգիպտոսի Թահրիրի հրապարակում բազմահազարանոց ցույցերը շարունակվում են, որին մասնակցում են նաեւ մեծ թվով արտասահմանցիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եգիպտոսում շուրջ 4 տարի բնակվող Հայաստանի քաղաքացի, մասնագիտությամբ արվեստաբան Անժելա Հարությունյանը: Նա նշեց, որ Եգիպտոսի իշխանությունները փորձում են հասարակության մեջ կեղծ լուր տարածել, թե այդ ցույցի կազմակերպիչները ոչ թե Եգիպտոսի բնակչությունն է, այլ Եգիպտոսում հաստատված արտասահմանցիներն են, մասնավորապես` իրանցիներն ու իսրայելցիները:
Այսպիսով, ըստ NEWS.am-ի զրուցակցի, կառավարությունը փորձում է Եգիտպոսում գտնվող օտարերկրացիներին մեղադրել դավադրության մեջ: «Բայց մենք որոշակի պատնեշներ հաղթահարելով կարողացանք հասնել հրապարակ, ցուցարարների տրամադրությունը շատ բարձր եւ մարտական է, բռնության ոչ մի միջադեպ չի արձանագրվել, իսկ ուրբաթօրյա աղոթքից հետո իշխանություններին ուղղված կոչերն ավելի ուժգնացան»,-ասաց Անժելան: Կոչերը հետեւյալն են` «Մուբարաք, հեռացի´ր», «Արդարություն, ազատություն, խաղաղություն»:
Անժելա Հարությունյանը հիշեցրեց Մուբարաքի վերջին հեռուստահարցազրույցը, որի ժամանակ նա հայտարարել է, թե շատ կցանկանար հեռանալ, սակայն վախենում է, որ երկրում քաոս կարող է առաջանալ: «Իրականում, հենց իր ներկայությունն է, որ երկրում քաոս է ստեղծում: Երեք օր առաջ բազմահազարանոց ցույց տեղի ունեցավ, սակայն ոչ մի քաոս տեղի չունեցավ: Քաոս տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հրապարակ ներխուժեցին քաղաքացիական հագուստով Մուբարաքի աջակիցները»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:
Անժելա Հարությունյանի պնդմամբ, թեեւ Մուբարաքը հայտարարել է, որ ցուցարարներին խնդրելու է դադարեցնել ցույցերը, սակայն բողոքի դուրս եկած մարդիկ անդրդրվելի են եւ հեռանալու մտադրություն չունեն, ավելին կրկնում են իրենց պահանջը` «Մուբարաք, հեռացի´ր»: Եգիպտոսում գտնվող մեր հայրենակիցը նշեց նաեւ տեղի ունեցող իրադարձություններում բանակի որդեգրած դիրքի մասին: Նա նշեց, որ բանակն այս պահին չեզոքություն է ցուցաբերում: «Երբ եղավ միլիոնանոց ցույցը, բանակը խոստացավ պաշտպանել ցուցարարներին, սակայն երբ խուլիգանները հարձակվեցին, բանակը մի կողմ քաշվեց: Խնդիրն այն է, որ բանակի գերագույն հրամանատարությունը ոչ մի հրահանգ չի տալիս, թե ինչպես գործի բանակը»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է անցած մի քանի օրերին արձանագրված զոհերի եւ վիրավորների թվին, ապա Անժելա Հարությունյանի խոսքով, տարբեր լրատվամիջոցներ տարբեր տվյալներ են ներկայացվում: Ըստ այդմ` ցույցերի մեկնարկից մինչ օրս մոտ 300-350 զոհ կա, եւ 1500-ից ավելի վիրավոր:
Հիշեցնենք, որ Եգիտպոսի մայրաքաղաք Կահիրեում բողոքի գործողությունները սկսել են հունվարի 25-ից։ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը տեղի տալով ցուցարարների պահանջին՝ ցրել է կառավարությունը, սակայն ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը, փետրվարի 4-ը հայտարարելով որպես «Մուբարաքի վերջին օր»: Եգիպտոսի ընդդիմությունն առաջնորդում է «Ազգային միավորում հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդ Մուհամեդ Ալ Բարադեյը:





























