«Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը ներկայացրել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն այսօր՝ սեպտեմբերի 3-ին կայացած ԿԸՀ-ի նիստից րոպեներ առաջ գրություն է ներկայացրել՝ հայտնելով, որ չի մասնակցի ընտրություններին եւ ինքնաբացարկ է ներկայացրել։ Այս մասին նիստին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Այսպիսով, ԿԸՀ-ն գրանցեց 12 կուսակցությունների եւ դաշինքի: Դրանք են՝ «Ժառանգություն» կուսակցություն, «Ռեֆորմիստների» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, «Երեւանի հանրություն» դաշինք, «Լույս» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Երեւանցիներ» դաշինք, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, «Օրինաց Երկիր» կուսակցություն, «Երկիր Ծիրանի» կուսակցություն։
Նշենք, որ 48 ժամում փաստաթղթերը չլրացնելու համար ԿԸՀ-ն մերժեց գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Արա Ռազմիկի Սուքիասյանին. նա ընտրացուցակի 188-րդ հորիզոնականում էր:
ԿԸՀ-ն փաստաթղթերը 48 ժամում չլրացնելու համար մերժեց գրանցել նաեւ «Երեւանի հանրություն» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Սուսան Հրաչի Հովսեփյանին, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Աղասի Հովհաննեսի Փանոսյանին։
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի սեպտեմբերի 23-ին։





























