Եվրոպական հետազոտական նախագծի շրջանակում մշակված ռոբոտի գլխավոր խնդիրը, որը պետք է աջակցի փրկարարներին, թույլ տեսանելիության պայմաններում վտանգի գնահատումն է, հայտնում է Euronews-ը:

Դորթմունդից հրշեջները համագործակցում են գիտնականների, արհեստական ինտելեկտի եւ ինժեներիայի ոլորտի մասնագետների խմբի հետ: Նրանք հրշեջների պատրաստման կենտրոնին թեստավորման համար  տրամադրել են ռոբոտի նախատիպ, որը հագեցած է մի քանի հաղորդիչներով:

Մինչեւ հիմա ոչ մի ռոբոտ չի կարողացել աշխատել խիտ ծխի կամ փոշու պայմաններում: Այս նախատիպի նպատակն է ոչ միայն տեսնելը, այլեւ զգալը:

Ռոբոտը հեռակառավարվում է Wi-Fi-ի միջոցով: Նման արտակարգ պայմաններում սովորական դետեկտորները, օրինակ՝ տեսախցիկները ոչ արդյունավետ են դառնում: Ուստի նոր համակարգը հիմնված է տարբեր տեղեկությունների հավաքման վրա, որը հետո մշակելով իրադրության պատկերացում են ստանում, չնայած տեսանելիության բացակայությանը:

Համակարգն ունի նաեւ սահմանափակումներ, հատկապես միջամտության արագության առումով: Այս պատճառով արդեն նախատեսված է վերջնամշակումը եւ այլ գործառույթների հավելումը:

Առաջին փորձարկումների անցկացումից հետո հրշեջները նշել են, որ այս ռոբոտն օգտակար կլինի թունելներում հրդեհը մարելիս կամ արդյունաբերական հարթակներում վթարների ժամանակ, որտեղ ռիսկերը հատկապես բարձր են:

Իրական պայմաններում աշխատանքին ռոբոտը դեռ պատրաստ չէ: Սակայն առաջիկա տարիներին, իր սենսորային հատկությունների շնորհիվ, անկասկած, հրշեջների արժեքավոր օգնականը կդառնա: