Թերթը հիշեցնում է, թե Ֆրանսիայում 2007 թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՈՒՄՊ (UMP) իշխանական կուսակցության կողմից նախագահի թեկնածու, երկրի այժմյան նախագահ Նիկոլա Սարկոզին, ապրիլի 24-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ` խոստացավ, որ իր բոլոր ուժերը կներդնի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության մասին օրենքը, որն արդեն հաստատվել էր Ազգային ասամբլեայի կողմից, կվավերացնի նաեւ Սենատը: Բայց ավաղ, դեռեւս երկու ամիս էլ չէր անցել այդ ժամանակից, երբ նա ժխտեց իր տված խոստումը:

Wikileaks-ի վերջին դիվանագիտական գաղտնի հեռագրերի հրապարակումից հետո իմանում ենք, որ Ելիսեյան պալատի դիվանագետ-խորհրդատու Ժան-Դավիդ Լեւիտը` 2007-ի մայիսի 29-ին լինելով Անկարայում, իր թուրք գործընկերներին վստահեցնում է. «Սարկոզին ամեն ինչ կանի, որ Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրենքը չվավերացվի Սենատի կողմից, այդ օրենքը կհանգչի Սենատում»:

...Ինչպիսի՞ արժեք կարող են ունենալ Նիկոլա Սարկոզիի արտասանած բառերը ֆրանսահայերի առջեւ եւ մանավանդ նրա պերճախոսությունը պատմության վերաբերյալ, եւ ինչպիսի՞ դասեր կարելի է քաղել այս բոլորից: Արժե՞ր արդյոք այս ձեւով ընծա մատուցել Անկարային, երբ երկրի ներսում, թուրք մտավորականության շրջանում վերջապես ուրվագծվում էր հայերից ներողություն խնդրելու ցանկության զգացմունքը: