ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի նաեւ հայ գործարարների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաեւ հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին տեղի կունենան ռուս-հայկական բարձր մակարդակով հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ հանդիպման օրակարգը երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրն է։
Սա կլինի Փաշինյանի երրորդ այցը Ռուսաստան. ավելի վաղ նա Պուտինի հետ հանդիպել էր մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ապա հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում:





























