Անհայտ անձինք օրերս հարձակման փորձ են կատարել Եգիպտոսում հուզումներ սկսելուց անմիջապես հետո երկրի փոխնախագահ նշանակված Օմար Սուլեյմանի դեմ, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ 

ԱՄՆ նախագահի աշխատակազմի անանուն բարձրաստիճան ներկայացուցչի տվյալներով, Սուլեյմանի ավտոշարասյան վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել են նրա երկու թիկնապահները։ Հեռուստաընկերությունը հարձակման կոնկրետ ամսաթիվը չի նշում։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները։

Իշխանությունների դեմ բողոքի ակցիաները Եգիպտոսում սկսել էին դեռ հունվարի 25-ին, եւ արդեն մի քանի օր անց՝ հունվարի 29-ին այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը որոշել էր ընդհանուր հետախուզության ծառայության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանին նշանակել փոխնախագահ։