Samsung հարավկորեական կորպորացիան մինչեւ 2018 թվականի վերջը կներկայացնի նոր ծալովի սմարթֆոնը, չնայած այն լուրերին, որ նորույթը դեռեւս մշակվում է: Ինչպես հայտնում է CNBC-ն, այս մասին հայտարարել է IT եւ Samsung Electronics բջջային սարքերի ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ նոր գաջեթի շնորհանդեսը տեղի կունենա Samsung-ի մշակողների համաժողովում, որը կանցկացվի նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում: Վաճառքի մեկնարկի օրվա մասին տեղեկություն դեռեւս չկա:

CNBC-ն հայտնում է, որ ի տարբերություն սովորական ծալովի հեռախոսների, նոր սմարթֆոնում հնարավոր կլինի էկրանը թեքել: Հարավկորեական ընկերությունը բարձրտեխնոլոգիական ապրանքների ոլորտում խիստ մրցակցության մեջ է Apple-ի եւ Huawei-ի հետ, սակայն նորույթի էքսկլյուզիվությունը Samsung-ին կօգնի մրցակիցներից առաջ անցնել:

Samsung-ը էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրողներից է եւ գաջեթների շուկայում Apple-ի մրցակիցը: Անցյալ տարի ընկերության շրջանառությունը կազմել է ավելի քան 220 մլրդ դոլար: