Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի առաջին օրվա ավարտին հանդիպում է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Քեւին Ջադդի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է ինչպես հայ-ավստրալիական երկկողմ հարաբերությունները եւ դրանց զարգացմանն ուղղված հնարավորությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցները կարեւորել են երկկողմ կապերի ամրապնդման կամուրջ հանդիսացող Ավստրալիայի հայ համայնքի դերը, որը նրանց կարծիքով, կարող է մեծապես նպաստել նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության ակտիվացմանը: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մեջ ավստրալիական ներդրումների ներգրավման հնարավորություններին:





























