Եգիպտոսի հյուսիսում Սինայի թերակղզում փետրվարի 5-ին պայթեցվել է Իսրայել տանող գազատարը, հայտնում է եգիպտական հեռուստատեսությունը: Ըստ այդմ, պայթյունը կազմակերպել են «անհայտ ահաբեկիչները», ուժեղ հրդեհ է բռնկվել:
Միաժամանակ, մայրաքաղաք Կահիրեում շարունակվում են բազմահազարանոց ցույցերը՝ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով: Բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաեւ Ալեքսանդրիայում: Իշխանությունները երեք ժամով կրճատել են գիշերային պարետային ժամի տեւողությունը:
Սպասվում է, որ Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանն այսօր մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական գործիչների հետ քննարկելու է Մուբարաքի կողմից իշխանությունը կառավարման ժամանակավոր մարմիններին փոխանցելու հնարավոր ուղիները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ Մուբարաքը հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ, բայց մտավախություն ունի, որ Եգիպտոսում քաոս կսկսվի:





























