Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը փետրվարի 4-ին Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական (Conseiller aux Etats), Ժուրա կանտոնի եւ Հանրապետության նախկին նախարար, «Սեմրա» (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ քննարկել է Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաեւ «Սեմրա» հիմնադրամի եւ Երեւանի Արաբկիր բժկական կենտրոնի միջեւ համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը:

«Սեմրա» հիմնադրամը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից հետո` դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին եւ արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: