Աշխարհահռչակ երգիչ եւ դաշնակահար Սթիվի Ուանդերը, ինչպես նաեւ շոու-բիզնեսի համաշխարհային մի շարք այլ աստղեր կմասնակցեն համերգների շարքի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնի փոխանցմամբ, «Այլեւես երբեք» անունն ստացած համերգների շարքը կտեւի 5 տարի եւ կավարտվի 2015-ին, երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը: Համերգների ընթացքում, դրա մասնակիցները կխոսեն ոչ միայն հայերի ցեղասպանությունից, այլեւ կհիշեն Ռուանդայում, Կամբոջայում ու Սուդանում տեղի ունեցած ցեղասպանությունները:
«Այլեւս երբեք» շարքի առաջին համերգը կկայանա 2011-ի ապրիլի 17-ին՝ Հոլիվուդի Universal City Gibson Amphitheatre թատրոնում՝ Սթիվի Ուանդերի, կանադացի Դեյվիդ Ֆոսթերի եւ հայտնի հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մասնակցությամբ:



























