Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Նշենք, որ այս օրինագծերով նախատեսվում է խստացնել ընտրախախտումների համար պատասխանատվությունը: Մասնավորապես, քրեականացվում է ոչ միայն ընտրակաշառք տալը, այլեւ ստանալը: Բացի այդ, վերաձեւակերպված են ընտրակաշառքի հոդվածը, բարեգործության արգելքի խախտումը, մի շարք արարքների համար ընտրությունների արդյունքների կեղծումը։ 

Ընտրությունների արդյունքները կեղծելու պատժաչափը կարող է հասնել մինչեւ ութ տարվա ազատազրկման, իսկ վարչական ռեսուրսի չարաշահման համար սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում։ Նույնչափ ազատազրկում է սպասվում նաեւ լրագրողների, դիտորդների, հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար։

Եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագծերը, ապա դրանք արդեն ուժի մեջ կլինեն Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: