Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Բրիտանիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նախկին ռուսական գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլայի թունավորման կապակցությամբ:
Հայտարարության մեջ ղեկավարները վրդովմունք են հայտնել «մարտի 4-ին Սոլսբերիում քիմիական նյարդային թույնի կիրառման առիթով, որը հայտնի է որպես «Նովիչոկ»: «Մենք ողջունում ենք Սկրիպալների թունավորման հետաքննության հետ կապված առաջընթացը եւ ի գիտություն ենք ընդունում երեկվա երկու կասկածյալներին ներկայացված մեղադրանքները: Մենք բարձր ենք գնահատում բրիտանական ոստիկանության եւ այս հետաքննության մեջ ներգրավված բոլորի աշխատանքը»:
Ղեկավարները նշում են, որ Մեծ Բրիտանիայի անալիզը, որը ստուգվել ՔԶԱԿ-ի կողմից, այն մասին է, որ նման նյարդային թույնը դարձել է Չարլզ Ռոուլիի եւ Դոն Սթերգեյսի թունավորման պատճառ:
«Մենք թախանձագին կոչ ենք անում Ռուսաստանին ապահովել իր «Նովիչոկ» ծրագրի լիարժեք բացահայտումը ՔԶԱԿ-ի ներկայացուցիչների համար: Մենք խրախուսում ենք նրանց, ովքեր տեղեկություններ ունեն մարտի 4-ին Սոլսբերիում հարձակման մասին, ինչպես նաեւ Էյմսբերիում հետագա թունավորման մասին, ովքեր բրիտանական իշխանություններին կներկայացնեն տեղեկություններ»:
«Մենք լիովին վստահում ենք բրիտանական գնահատականին, որ երկու կասկածյալները ռուսական ռազմական հետախուզության սպաներ էին, որը հայտնի է նաեւ որպես ԳՀՎ եւ որ այս գործողությունը հավանության է արժանացել բարձր կառավարական մակարդակում: Մենք արդեն համատեղ գործողություններ ենք ձեռնարկել, որպեսզի կանխենք ԳՀՎ-ի գործունեությունը:
Երեկվա հայտարարությունն էլ ավելի է ամրապնդում մեր մտադրությունը՝ վերացնել մեր տարածքներում օտարերկրյա հետախուզական ցանցերի թշնամական գործողությունները, պահպանել քիմիական զենքի արգելքը , պաշտպանել մեր քաղաքացիներին եւ մեզ՝ մեր հասարակությունների դեմ ուղղված պետության չարամիտ գործունեության բոլոր ձեւերից:




























