Հայաստանի եւ ԱՄՆ-ի բիզնես հատվածների միջեւ կապեր կան արդեն երկար տարիներ, սակայն մինչեւ վերջին ժամանակները այս կապերը եղել են քաոսային, չհամակարգված: Հայ-ամերիկյան բիզնես համաժողովը, որն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, անցկացվում է Երեւանում, կարող է օգնել Հայաստանի եւ ԱՄՆ ընկերությունների միջեւ փոխգործակցությունը բարձրացնել միանգամայն նոր մակարդակի եւ 2 երկրների միջեւ հաստատել նոր, ավելի ամուր կապեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլենդելի (Քալիֆորնիա) քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա միանգամայն աշխատող եւ «առողջ» հայ-թեք հատված, որն ամերիկյան ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության շատ հնարավորություններ է ստեղծում:

Զարեհ Սինանյանի հետ Հայ-ամերիկյան բիզնես համաժողովին մասնակցելու են եկել Քալիֆորնիա նահանգից սենատոր Էնթոնի Պորտանտինոն եւ Քալիֆորնիա նահանգի Պետական ասամբլեայի երկու ներկայացուցիչ: Նրանք Հայաստանում մի քանի օր կանցկացնեն, որոնց ընթացքում նախատեսում են ավելի մոտիկից ծանոթանալ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող տեղական ընկերությունների հետ, ինչպես նաեւ այս ոլորտում կրթական համակարգի հետ, այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների:

Սենատոր Էնթոնի Պորտանտինոն նախատեսում է Հայաստանում ավելի շատ ժամանակ անցկացնել, քան իր գործընկերները. նա պատրաստվում է մինչեւ սեպտեմբերի 17-ը այցելել այլ քաղաքներ, այդ թվում՝ Գյումրի, իսկ հետո մեկնել Արցախ՝ պարզելու, թե Քալիֆոնիայի նահանգն ու Արցախը ինչպես կկարողանան համագործակցել գյուղատնտեսության ոլորտում:

«Որքան լավ ես հասկանում, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան, այնքան կարող ես լավ օգնել: Մենք բոլորս ասում ենք, որ ցանկանում ենք օգնել տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղեր ստեղծել, սակայն դրանք շատ վերացական հայտարարություններ են: Երբ խոսում ենք բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ պարզում, թե կոնկրետ ինչն է նրանց խանգարում աճել, նրանք ինչպիսի խնդիրներ ու դժվարություններ ունեն, հասկանալի է դառնում, թե մենք Քալիֆորնիայից ինչ կարող ենք անել նրանց համար»,- նշեց սենատորը:

Համաժողովի գլխավոր նպատակն է, որը կազմակերպվել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) ջանքերի շնորհիվ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ գործարար կապերի ստեղծումը ու նոր ներդրումների ներգրավումը: Համաժողովի շրջանակում հայկական սթարթափերը եւ կայացած ընկերությունները ամերիկացի գործընկերներին են ներկայացրել իրենց նախագծերը, իրենց տեխնոլոգիական ներուժը եւ ընդլայնման հնարավորությունները: