Էականորեն փոխվել է Բնապահպանության նախարարությունում կառավարման մոդելը, թույլտվությունների, լիցենզիաների եւ համաձայնությունների տրման ոլորտում. պարզվեցվել են ընթացակարգերը, որեւէ սուբյեկտիվ մոտեցում լիցենզիաների գծով չկա, գործողություններն իրականացվում են նախատեսված ժամկետներում, առանց ուշացումների: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, անտառապահների աշխատավարձերը միջինը բարձրացել են 50 տոկոսով, որոշ տեղերում՝ 100 տոկոսով. «Նաեւ մեր գործընկերների հետ լրացուցիչ միջոցառումներ ենք իրականացնում պահպանվող տարածքների տեխնիկական վերազինման ուղղությամբ: Արդեն տասնյակ մեքենաներ են գնվել միջազգային դոնորների աջակցությամբ, հզորացվել են հարավում՝ Սյունիքում գտնվող անտառտնտեսությունները: Առաջիկա մի քանի օրում կգնենք նոր շենք Սյունիքում, որտեղ կտեղակայվեն բնապահպանության նախարարության ենթա ստորաբաժանումները»,-ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ միջազգային դոնորներից ունեն արդեն ստացած եւ ստացվելիք դրամաշնորհներ. «Դրամաշնորհներ ունենք ստացած եւ ընթացքի մեջ: 23,5 մլն եվրոյի դրամաշնորհ ենք ակնկալում KFW բանկից, փաստաթղթերը արդեն եկել են, գործընթացն ընթացքի մեջ է, այս տարի կստորագրվի: Ուզում եմ շեշտել, որ սա նշածս բանկի կողմից երբեւէ Հայաստանին տրված առաջին առանձին դրամաշնորհն է, որը որեւիցե վարկի հետ կապ չունի: Նաեւ Գրոբալ էկոլոգիական հիմնադրամից ունենք 7,5 մլն դոլարի դրամաշնորհ»:
Բնապահպանության նախարարը նկատեց, որ որեւէ դրամաշնորհ չի կարող լուծել խնդիրները, եթե չգիտեն՝ ինչ են անում. «Պետք է հզորացվեն նախարարության կարողությունները, մասնավորապես, բնապահպանական փորձաքննական եզրակացության գործընթացը, որը հասարակության աչքում խնդրահարույց եւ կասկածելի է, գործում է այլ մեթոդաբանությամբ: Այդ նպատակով նախարարությունը վարձակալական հիմունքներով աշխատանքի է հրավիրել այս բնագավառում միջազգային 2 հեղինակավոր փորձագետների, որոնք եթե որեւէ նախագծի վերաբերյալ նախարարությանը դրական եզրակացություն չեն ներկայացնում, ապա նախարարությունն էլ երբեւէ դրական եզրակացություն չի տալիս»:
Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի վարչարարության արդյունքում էականորեն փոխվել են որսի հետ կապված գործընթացները. մասնավորապես, 100 տոկոսով ավելացել են բնօգտագործման վճարները, չնայած կենդանատեսակների մասով որսի ենթակա կենդանիների ցանկը փոքրացել է այս տարի. «Կաթնասունների որսն այս տարի ամբողջությամբ արգելված էր՝ բացառությամբ գայլի եւ շնագայլի»:





























