ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 7–ին, դատարանում բացարկ հայտնեց իր պաշտպանյալի գործով վերահսկող դատախազ Աբգար Առաքելյանին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցի քննությանը փաստաբան Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ վերահսկող դատախազը  դեռ նախաքննության փուլում պետք է հրաժարվեր մեղադրանքից։

Նրա խոսքով՝ 2007թ. դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերը ոչնչացված են, և հնարավոր չէ պարզել, արդյոք տուժողի դիմումում նշված հանգամանքները, որի հիման վրա վերաբացվել է գործը, նոր հանգամանքներ են, թե ոչ։

«Եթե չկա այդ գործը, պետք է գուշակությամբ պարզել՝ կա՞ն արդյոք նոր երեւան եկած հանգամանք, թե՝ ոչ»,- հայտարարեց պաշտպանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալը շուրջ երկու ամիս է՝ անօրինական կալանքի տակ է դատախազության անօրինական որոշումների արդյունքում։  Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ այսօր նախնական կալանքի հարցն է քննարկվում, իսկ բուն գործով դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին, եւ հենց այդ դատական նիստի նախապատրաստական մասում էլ  դատարանը կանդրադառնա բացարկի հարցին։

Ի պատասխան՝ Սարգսյանը վկայակոչեց Սահմանադրական դատարանի որոշումը՝ համաձայն որի, նախնական կալանքի հարցը պետք է քննարկվի կողմերի մասնակցությամբ,, եւ դատախազին բացարկ հայտնելու հարցը նույնպես պետք է քննվի այս փուլում։

Դատարանն առանց քննության թողեց պաշտպանի միջնորդությունն ու սկսեց քննել Հայկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու կամ նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու որոշումը։ Դատավորի շտապողականությունը վրդովեցրեց փաստաբան Երեմ Սարգսյանին։ «Ակնհայտ է, որ դատարանն անզոր է փոխելու խափանման միջոցը, այս ի՞նչ ապօրինություն է»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը, ապա մեկ աշխատանքային օր խնդրեց՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Դատավորը, սակայն, չբավարարեց նրա խնդրանքը։

Այսպիսով դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին:

Նույն օրը դատարանը կհրապարակի նաեև իր որոշումը Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու՝  փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։

«Պատրաստ ենք դատարանի սահմանած գումարը վճարել՝ օրենքի շրջանակներում, ողջամիտ, ընդունված պրակտիկայի համաձայն»,– դատարանում հայտարարեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը հակադարձեց՝ գրավի կիրառումն անթույլատրելի է, քանի որ Հայկ Սարգսյանի կալանավորման հիմքերն այնպիսին են, որ թույլ չեն տալիս նրա նկատմամբ այլընտրանքային միջոց գրավ կիրառել, քանի որ քննությանը խոչընդոտելու նախադեպ եղել է։

Պաշտպան Երեմ Սարգսյանն իր հերթին հակադարձեց՝ եթե անգամ 2007 թվականին եղել է խոչընդոտելու դեպք. «Մեկ շաբաթ նա եղել է ազատության մեջ, ոչ մի միջադեպ չի եղել, անձը պատշաճ վարքագիծ է դրսեւորել»։