Ունենք անպարտաճանաչ հարկատուներ, որոնք ունեն մեծ գույք եւ մեծ հողեր, ու նրանց չվճարումներն են, որ համայնքներում առաջացնում են ապառքներ։ Այսօր՝ փետրվարի 5-ին կայացած ասուլիսում նման հայտարարություն արեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Միայն հողի հարկի գծով համայնքներում կուտակվել է 12,1 մլրդ դրամի ապառք, իսկ գույքահարկի գծով՝ մոտ 17 մլրդ դրամի։
Համեմատության համար նշենք, որ համայնքների բյուջեների բոլոր եկամուտները 2010 թ. կազմել են 83,8 մլրդ դրամ։
Սակայն փոխնախարարը հրաժարվեց հրապարակել այն խոշոր գույքատերերի անունները, որոնք ապառքներ են կուտակում։ Նրա տեղեկացմամբ՝ նման տեղեկատվություն չեն տրամադրի նաեւ համայքները, քանի որ դա առեւտրային գաղտնիք է։
Ապառքների դեմ պայքարելու համար համայնքներին իրավունք է տրվել դատական հայցեր հարուցել բոլոր պարտապանների նկատմամբ, իսկ վճարումը 183 օր ուշացնելու դեպքում դիմել դատարանին սնանկ ճանաչելու հայցով։
Ըստ Վ. Տերտերյանի՝ վերջին տարիներին դատարանները բազմաթիվ նման հայցեր են ստացել։




























