Տուլայում 2015թ. նոյեմբերին հայկական ավտոբուսի վթարի գործով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված հայ վարորդ Գառնիկ Հարությունյանի վերաբերյալ առաջին ատյանի նոր քննություն է սկսվել:

NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նոր քննության վերաբերյալ որոշում էր կայացրել Վերաքննիչը՝ հաշվի առնելով, որ որոշ հանգամանքներ առաջին ատյանի կողմից պատշաճ քննության չեն առնվել:

«Մեր պաշտպանյալը խնդիրներ ունի, որոնց մասին մենք տեղեկացրել էինք դատարանին, սակայն, դրանք չէին ուսումնասիրվել: Մենք շարունակում ենք պնդել, որ Գառնիկ Հարությունյանը պետք է ազատ արձակվի»,- ասաց պաշտպանը:

Կիրակոսյանը հայտնեց, որ չի բացառվում՝ առաջիկայում Հարությունյանն իր պատժի մնացած մասը կկրի Հայաստանում:

Նշենք, որ հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ կալանքի տակ է:

Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Առաջին ատյանի որոշմամբ նա դատապարտվել էր 4.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչն անփոփոխ էր թողել դատավճիռը: