Ինչպես Հայաստանի բոլոր պետական կառույցները, այնպես էլ եկեղեցին, ստվերային կառույց է եւ չի գործում թափանցիկության սկզբունքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, Religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին խոհանոցի մասին մամուլի վերջին հրապարակումներին: Նա նշեց, որ թափանցիկություն պետք է լինի եկեղեցուն վերաբերող ցանկացած հարցում` կաթողիկոսի ընտրության մեխանիզմներ, ընտրության կարգ, ֆինանսավորում եւ այլն, քանի որ եկեղեցին եւս համաժողովրդական կառույց է:
«Եթե չկա հաշվետվություն, չկա թափանցիկություն, լինում են մարդիկ, ովքեր ուզում են այն իրենց վերահսկողության տակ առնել: Այդ առումով, Եկեղեցին Հայաստանում ամենաավտորիտար կառույցն է: Կա կաթողիկոս, որը չի վերահսկվում ոչ ոքի կողմից»,-հայտարարեց Դանիելյանը` առաջարկելով անձերից դուրս գալ եւ խնդիրը քննարկել որպես երեւույթ:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահը նշեց, որ ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու գործունեությունը եկեղեցուն բնորոշ է եղել բոլոր ժամանակներում` ե´ւ միջնադարում, ե´ւ ներկայումս: «Այն կառույցը, որը գործում է վերահսկողությունից դուրս, բնականաբար դրանում առաջանում են կոռուպցիոն ռիսկեր եւ ապօրինություններ»,-նշեց Դանիելյանը: Նա նաեւ հավելեց, որ եկեղեցու առողջության համար պետք է հստակեցնել երկու հարց` կաթողիկոսի ընտրությունների մեխանիզմների ձեւավորումը, ինչպես նաեւ եկեղեցու ֆինանսների թափանցիկությունը: «Չգիտես ինչու, այդ հարցերին եկեղեցին շատ նյարդային է արձագանքում, եւ դա բնական է, քանի որ ոչ ոք չի ցանկանում իր ներքին խոհանոցը բացել բոլորի առաջ»,-նշեց NEWS.am-ի զրուցակիցը:
Նրա խոսքով` եկեղեցուն վերաբերող ցանկացած բացասական անդրադարձ հանդիպում է կոշտ դիմադրության որոշ լրատվամիջոցների կողմից, եւ այնպիսի տպավորություն է, որ եկեղեցին անձեռնմխելի կառույց է եւ դրան չպետք է մատով դիպչել: Մինչդեռ, ըստ Դանիելյանի, եթե որեւէ կառույց խոցելի տեղեր ունի, ապա դրանք պետք է վերացնել, այլ ոչ թե հանցավոր լռություն պահպանել:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակման, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները հայտնում են, որ Էջմիածնի կողմից փորձ է արվում փոխել մինչ այժմ գործող կարգը եւ տեղական համայնքի խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարեն դրանք կառավարել Էջմիածնի ու կաթողիկոսի կողմից: Ֆրանսահայերի երկրորդ մտահոգությունն այն է, որ Սուրբ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք, մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցու ֆինանսները տնօրինվում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդի որոշումներով: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հերքել է այս տեղեկատվությունը, նշելով, որ այդ հրապարակման մեջ տեղ գտած մտահոգություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը:




























