Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ օգնական Սոֆյա Նավասարդյանը, ում նշանակումը քննարկումների թեմա է դարձել, մինչեւ նշանակումն արդեն ուղեկցել է վարչապետի տիկնոջը Աննա Հակոբյանին պաշտոնական ուղեւորությունների ժամանակ։

Օրինակ, Սոֆյա Նավասարդյանն ուղեկցել է Աննա Հակոբյանին հունիսի 13–ին Մոսկվա կատարած  այցի ընթացքում, այդ ժամանակ թերեւս վարսահարդարի կարգավիճակով։

Նշվենք, որ  մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Սոֆյա Նավասարդյանը  Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Yerkir.am-ին հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ  Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և նրա տիկնոջ ոճաբանն է և շարունակելու է զբաղվել նույն  գործով: «Նա զբաղվել և շարունակելու է զբաղվել  նույն գործով, ինչ առաջ` այժմ արդեն լինելով վարչապետի օգնական: Ոչինչ չի փոխվել, ուղղակի նա նույն աշխատանքն անելու է օգնականի կարգավիճակով»,- ասել է  խոսնակը:

Եղոյանը հավելել է, որ աշխարհում ընդունված պրակտիկա է, երբ երկրի ղեկավարը ոճաբան է ունենում: