Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից: Մայր Առթոի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, թե այդ հրապարակման մեջ տեղ գտած մտահոգություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը:

«2009 թ. նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները եւ աշխարհական պատվիրակները հաստատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրություն, որտեղ հստակեցվեցին թեմական-եկեղեցական կանոնադրությունների հիմնական սկզբունքները:

Այդ թվականից ի վեր բոլոր թեմերում աշխատանք է տարվում, որպեսզի միօրինակության բերվեն թեմական եւ ծխական կանոնադրությունների հիմնական սկզբունքները: Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային եւս վերատեսության է ենթարկվելու թեմական կանոնադրությունը, որպեսզի Եկեղեցու սկզբունքներին հակասող կանոնադրական հոդվածները փոխարինվեն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից որդեգրած՝ Եկեղեցու ավանդությանն ու կանոններին համահունչ հոդվածներով: Հերյուրանք է նաեւ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է «ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին եւ ինքը տնօրինել դրանք»: Վերոհիշյալ թեմական տիպային կանոնադրության համաձայն, որը հաստատված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, թեմական եւ ծխական կալվածքները համարվում են համայնքի սեփականություն:

Վստահ ենք, որ Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդի եւ պատկան կառույցների աշխատանքի արդյունքում կփարատվեն Ֆրանսիայի մեր հայ համայնքում տեղ գտած թյուրըմբռնումներն ու մտահոգությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակման, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները հայտնում են, որ  Էջմիածնի կողմից փորձ է արվում փոխել մինչ այժմ գործող կարգը եւ տեղական համայնքի խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարեն դրանք կառավարել Էջմիածնի ու կաթողիկոսի կողմից: Ֆրանսահայերի երկրորդ մտահոգությունն այն է, որ Սուրբ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք, մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցու ֆինանսները տնօրինվում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդի որոշումներով: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հերքել է այս տեղեկատվությունը, նշելով, որ այդ հրապարակման մեջ տեղ գտած մտահոգություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը: