Անկարան հասկանալով, որ պատմական իրադարձություններում առաջացած հոգեբանական վնասվածքները հեշտությամբ չեն հաղթահարվում, հրեաների Հոլոքոստի հիշատակումից հետո պատրաստվում է այս տարվա ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալ։ Այս մասին գրում է թուրքական Sabah-ը։
Թուրքական պարբերական նշում է, թե Անկարան այն տեսակետին է, թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները փակուղի են մտել հոգեբանական արգելքի պատճառով, եւ ի վերջո դրանք կյանքի են կոչվելու։ «Անկարան սեղանին է դրել այն քայլերը, որոնք կօգնեն հաղթահարել այդ հոգեբանական հարվածները։ Թուրքիան այս տարի առաջին անգամ ներկայացուցիչ ուղարկեց Հոլոքոստի զոհերի հիշատակման օրը եւ թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշը դարձավ Օսվենցիզմի համակենտրոնացման ճամբար այցելած առաջին թուրք պաշտոնյան։
Թուրքական իշխանությունները նույնկերպ են ցանկանում վերաբերել ապրիլի 24-ին՝ հրահանգելով ակտիվ մասնակցություն ապահովել հայերի միջոցառումներին։ Այս համատեքստում Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերին իրականցված նիստի ընթացքում որոշում է կայացվել հայկական Սփյուռքի հետ կապերը խորացնել, մասնակցել հայերի կողմից հրավիրված միջոցառումներին։
Հայ ժողովրդի հետ կապ հաստատելու համար Անկարան առաջին հերթին երկխոսության մեջ կմտնի Սփյուռքի հետ։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացը կներառի նաեւ Սփյուռքը։ Թուրքիան վերացրել է նաեւ Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների նկատմամբ իրականցրած քաղաքական բոյկոտը։ Դրա մասին է վկայում այն, որ Թուրքիայի նախագահն օրեր առաջ հյուրընկալել էր Արգենիտինայի նախագահին։ Առաջիկա օրերին Թուրքիա կայցելի Կանադայի առեւտրի նախարարը, ինչպես նաեւ Ցեղասպանությունն ընդունած այլ երկրների ներկայացուցիչներ։
Առաջիկա օրերին սպասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում կրկին կհայտնվի ցեղասպանության բանաձեւը։ Անկարան թույլ չի տա Օբամայի վարչակարգին թուրք-ամերիկյան հարաբերությունները վնասող քայլեր իրականացնել՝ ապահովելով հայկական բանաձեւի տապալումը»,-գրում է թուրքական Sabah-ը։



























