NASA-ի կողմից արված Արեգակի առաջին եռաչափ պատկերն, անշուշտ, երկնային այդ մարմինն առավել հանգամանալից ուսումնասիրելու հնարավորություն կընձեռի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արթուր Կարապետյանը։

Նրա խոսքով, գիտնականներին մինչ այժմ հայտնի են եղել Արեգակի միայն երկչափ պատկերներ։ «Այս նորարարությունն, իհարկե, կնպաստի Հրե գունդն ավելի մանրամասն հետազոտելուն»,-նկատեց Կարապետյանը։

Նա նաեւ նշեց, որ իր տեղեկություններով NASA-ն պատրաստվում է անել Լուսնի, Արեգակնային համակարգի մոլորակների եւ երկնային այլ մարմինների եռաչափ պատկերներ եւս։ «Ներկայումս գիտնականների ձեռքի տակ կան դրանց միայն  երկչափ պատկերները»,-տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողը։

Նշենք, որ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ Արեգակի առաջին եռաչափ պատկերը ստացվել է փետրվարի 6-ին՝ 2006–ին տիեզերք արձակված երկու սարքերից ստացված տվյալների համադրության շնորհիվ։ Արեգակի ուղեծրի վրա գտնվող A եւ B սարքերը 180 աստիճանով անջատվել են միմյանցից՝ հայտնվելով խիստ հակադիր կետերում։ Դրանով հանդերձ հնարավոր է եղել Երկիր մոլորակ փոխանցել Արեգակի մակերեւույթի 2 մասի կիսված պատկերը։