Հեռավոր Արևելքում մեկնարկել են Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները։

«Վոստոկ-2018»-ը կանցկացվի սեպտեմբերի 11-17-ը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Զորավարժություններին կմասնակցի մոտ 300 000 զինվորական, ավելի քան 1000 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու, մինչև 36 000 զրահապատ մեքենա, 80 նավ և մատակարարող ջրային տրանսպորտ։

Բացի այդ, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Չինաստանից և Մոնղոլիայից։ Այսպես, օրինակ, չինական ռազմաօդային ուժերի 6 ինքնաթիռ և 24 ուղղաթիռ կմասնակցեն «Վոստոկ-2018»-ին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ չինական ուղղաթիռների թվում կան 6 հատ ՄԻ-171, որոնք գնվել են Ռուսաստանից,  9 հատ՝ Z-9 և նույնքան՝ Z-19: 

Ինքնաթիռներն ու ուղղաթիռները արդեն գտնվում են Արևելյան զինվորական օկրուգի օդակայաններում և գործի կդրվեն սեպտեմբերի 13-ին՝ ռուսական և չինական համատեղ վարժանքների ժամանակ, որոնք տեղի կունենան Անդրբայկալյան մարզում՝ «Ցուգոլ» պոլիգոնում։

Բացի այդ, «Վոստոկ-2018»-ի շրջանակներում Նովոսիբիրսկի և Սվերդլովսկի մարզերից Ռուսաստանի արևելք են բերվել տրանսպորտային, հարվածային և տրանսպորտագրոհային ուղղաթիռներ։ Օդաչուները կապահովեն զորքերի օդային օգնությունը՝ հրամանների կատարման և զանազան բեռների փոխադրման ժամանակ։

Ավելի վաղ ռազմաօդային ուժերի օդակայաններ արդեն ուղարկվել էին Կենտրոնական զինվորական օկրուգի ավիացիայի 30 ինքնաթիռներ։