«Հայք» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է ակտիվ պայքար մղել ԼԳԲՏ հանրույթի ֆինանսավորման եւ մարիխուանայի օրինականացման դեմ: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայք» ազգայնական կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը կուսակցության համար պայքարի հարթակ կդառնա ընդդեմ այն կազմակերպությունների, որոնք ֆինանսավորում են ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը, եւ իշխանության շրջանակում այն անձանց, որոնք ակտիվորեն առաջ են մղում մարիխուանայի ազատ վաճառքի եւ ապաքրեականացման գաղափարը: «Առաջնահերթ եմ համարում պայքարը ավանդական արժեքների պահպանման համար, եւ կազմակերպությունները, որոնք հովանավորում են հայերին օտարոտի գաղափարների եւ հայացքների տարածումը, պետք է ահաբեկչական հռչակվեն, իսկ նրանց գրասենյակները փակվեն եւ այստեղից վերացվեն»,- նշեց քաղաքապետի թեկնածուն՝ անտեսելով Եվրոպայի խորհրդի առջեւ երկրի պարտավորությունները:
«Հայք» կուսակցությունը նաեւ մտադիր է պայքարել բանկերի դեմ, որոնք, նրա ձեւակերպմամբ, վերածվել են գրավատների, ինչպես նաեւ խաղատների դեմ, որոնք երեիտասարդների մոտ կախվածություն են առաջացնում: «Երեւանը ամբողջ հայության մայրաքաղաքն է, նա պատասխանատու է Հայաստանում այս բոլոր խնդիրների համար եւ պարտավոր է պայքարել դրանց դեմ»,- նշեց Հովսեփյանը:
Ի պատասխան 3 խնդիր անվանելու լրագրողների խնդրանքին, որոնք նա մտադիր է քաղաքապետի պաշտոնում առաջին հերթին լուծել, Գեւորգ Հովսեփյանն ասաց. «Առաջին խնդիրը կառավարումն է. մայրաքաղաքի քաղաքապետարանը «առավելագույնս ուռճացվել է», եւ նրա անձնակազմը պետք է լուծարել: Երկրորդ խնդիրը, որը մեր առջեւ դրել ենք, բյուջեի փողերի ատկատին ուղղված ծրագրերի եւ միջոցառումների փակումն է: Իսկ երրորդ խնդիրը բնապահպանական եւ ենթակառուցվածքային հարցերի լուծումն է՝ սկսած աղբահանությունից, կանաչ տարածքների մեծացումից, ավարտած ճանապարհների բարեկարգմամբ, ջրամատակարարմամբ եւ ջրահեռացմամբ»:




























