Դասական բոլշևիզմ է: Այսպես է բնութագրել երկրում այսօր առկա իրավիճակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔոչարյանըYerevan Today-ին տված հարցազրույցում։
«Դասական բոլշևիզմ է, ուղղակի բոլշևիզմի ժամանակ բաժանում էին սպիտակների ու կարմիրների: Կարմիրները լավն էին՝ բոլշևիկները, սպիտակները վատն էին՝ բուրժուազիան: Դասական բոլշևիզմ է, և մենք գիտենք ինչ հետևանքներ է նման քաղաքականությունն ունենում: Եվ վարչապետը փոխանակ միավորի ժողովրդին, բաժանում է, տարանջատում է ժողովրդին, ատելություն է սերմանում ժողովրդի մոտ, մոլորեցնում է:
Ես համոզված եմ, որ մեր ժողովրդի մտածող մասը, վերլուծող մասը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում Հայաստանում այսօր, և ինչ վտանգներ կարող են բխել այս կարգի քաղաքականությունից, այս կարգի մոտեցումներից:
Ամենից վտանգավորը գիտե՞ք ինչն է. որ այս քաղաքականությամբ իրենք ներքաշում են ապօրինությունների մեջ բավական մեծ զանգվածներ: Օրինակ՝ այս կեղծարարության վրա և ստի վրա ստեղծված քրեական գործերը, քրեական գործը կոնկրետ իմ նկատմամբ. այդ գործի մեջ ներքաշված են բազմաթիվ քննիչներ, բազմաթիվ այլ մարդիկ, ներքաշում են բազմաթիվ պետական ծառայողների: Իմ հորդորը նա է, որ մարդիկ չգայթակղվեն այս իրավիճակից, չանեն քայլեր, որոնց համար պատասխան են տալու ինչ-որ ժամանակ անց, և ես կարծում եմ՝ ոչ հեռու ժամանակներում, այլ բավական մոտակա ժամանակներում պատասխան են տալու: Դրա համար պետք է ուղղակի լինել ճշգրիտ օրենքների շրջանակներում, չկատարել հանձնարարականներ, որոնց համար ինչ-որ ժամանակ հետո ստիպված ես լինելու պատասխան տալ օրենքի առաջ: Դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև այդ ղեկավարները մի կողմ են քաշվելու, ասելու են՝ մենք կապ չունենք, որովհետև օրենքով իրականում կապ չունեն»,– ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ սա այն իրավիճակն է, որտեղ իշխանությունը փորձում է գերբևեռացման մեջ տեսնել իր հաջողությունը, ոչ թե մերձեցման։
«Իսկ սա վտանգավոր է ուղղակի, ուղղակի վտանգավոր է: Չեմ կարծում, որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են գնալ նման կարգի քայլերի, սա ուղղակի անընդունելի է: Ողջամտության կոչ պետք է անենք, և մեր մտավորականությունը, մեր լրագրողները, մեր մամուլը պետք է կանգնեցի և պետք է ցույց տա, որ սա անընդունելի քաղաքականություն է, և պետք է վերջ տանք սրան»,– ասել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ սիրուց և հանդուրժողականությունից այսօր ոչինչ չի մնացել, սկսվել է «կեղծիքների, ստերի ժամանակը»:











