Փետրվարի 7-ին ժամը 16:10-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոմայրուղուց դեպի Ծաղկաձոր գնացող ճանապարհին Վանատուր թաղամասի սկզբնամասում միմյանց են բախվել «Օպել-Վեկտրա» մակնիշի 23 ԼՍ 462 համարանիշի եւ «ՎԱԶ-2115» մակնիշի 13 ՕՏ 968 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՎԱԶ-2115-ը» գլխիվայր շուռ է եկել: Վթարի հետեւանքով, «ՎԱԶ-2115»-ի վարորդը՝ 27-ամյա Արամ Ղարիբյանը եւ 3 ուղեւորներ տեղափոխվել են հիվանդանոց: Վարորդը տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ 3 ուղեւորները՝ Երեւանի թիվ 8 հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկանները: Այս պահին վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Կարեն Հակոբյանը:
Նրա հանձնարարականով, դեպքի վայր են բերվել քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխվեն ոստիկանության Հրազդանի բաժնի տուգանային հրապարակ: Քննիչը մեկնել է հիվանդանոց՝ ճշտելու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























