Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` փետրվարի 7-ին տեղի ունեցած դատական նիստում մասամբ բավարարել է Հայաստանի ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցը:
Դատարանը որոշեց, որ թերթի 2010-ի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դատարանը պարտավորեցրեց «Հայկական ժամանակ»-ին` դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքում տպագրել:
Օրաթերթում հրապարակված հոդվածում հաղորդվում էր, թե ՌԴ իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերով անցնող հայաստանյան մի շարք պաշտոնյաների ու պատգամավորների ցուցակ: Ցուցակում նշված են եղել նաեւ թերթի դեմ հայց ներկայացրած երեք պատգամավորների անունները: Պատգամավորները ներկայացված հայցում նշում են, որ իրենց մասին հրապարակման տեղեկատվությունը չի համապատասպանում իրականությանը: Որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը թերթից պահանջում էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաեւ 500 հազարական դրամ են պահանջում դատական ծախսերի փոխհատուցման համար:
Դատարանը մասամբ բավարարեց այս պահանջը` «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ:
Սա վերջին մեկ տարվա ընթացքում «Հայկական Ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է: Անցած տարի «պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման» պահանջով դատարան էր դիմել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը հայցադիմումը բավարարել էր մասամբ, եւ «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3,5 միլիոն դրամ:
«Հայկական ժամանակ» խմբագրակազմը թերթի դեմ ներկայացված հայցերը գնահատում է որպես «մեկ կենտրոնից ղեկավարվող գործողությունների շղթա»` մեկ «կենտրոն» ասելով նկատի ունենալով ՀՀ բարձրագույն ղեկավարությանը:
«Այլ բան ակնկալել չէր կարելի: Կարծում ենք, որ քաղաքական պատվերն իջեցված էր նախօրոք, եւ դատարանը պետք է ստանձներ այդ պատվերի կատարումը: Այսպիսով, ՀՀ իշխանությունները փորձում են հարված հասցրած լինել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ թերթին ընդհանրապես»,-նշեց թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նկատենք, որ «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը հայաստանյան թերթերից մի քանիսին, մասնավորապես «Չորրորդ իրնքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում ոչ միայն պնդել էր ՀԺ-ին հայտնած իր տեղեկությունները, այլ նաեւ հայտարարել, թե պատրաստ է դատարանին եւ պատգամավորներին հանդիպել եւ բացատրել ամեն ինչ: «Մենք բաց ենք բոլորի համար, պատրաստ ենք երկխոսել բոլորի հետ»,-նշել էր նա: Դիտարկմանը, թե ինչո՞ւ գործում, որպես պատասխանող կողմ ներգրավված չէ հենց Սմբատ Կարախանյանը, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Պրոցեսի ընթացքում դա տեղի չի ունեցել, որովհետեւ դատարանը շտապել է, եւ առանց թույլ տալու, որ նորմալ դատական պրոցես ընթանա, վճիռը կայացնելու օր է նշանակել: Այն դեպքում, երբ ինֆորմացիայի աղբյուրը, տվյալ դեպքում` Կարախանյանը բացահայտ հայտարարում է, որ ինքը տեր է իր հայտնած ինֆորմացիային: Այս հանգամանքը դատարանի կայացրած վճիռը աբսուրդային է դարձնում, եւ իրեն հարգող դատարանը չէր կարող նման որոշում կայացնել»:
Աննա Հակոբյանը հավելեց նաեւ, որ պատրաստվում են դատարանի որոշումը բողոքարկել հնարավոր բոլոր ատյաններում:





























