ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 7-ին Շուշի քաղաքում կերպարվեստի թանգարանի հիմնադրման հետ կապված հարցեր է քննարկել անվանի երկրաբան, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի, արվեստագետներ Սամվել Հովհաննիսյանի եւ Յուրի Գրիգորյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւոր է համարել Շուշիում թանգարանի բացումը, ինչը նոր լիցք կհաղորդի քաղաքի եւ ամբողջ հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը:

Նախագահը նշել է, որ մշակույթի ոլորտը հանդիսանում է պետության առաջընթացի կարեւոր հիմքերից մեկը, եւ իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն նման հայրենանվեր նախաձեռնությունների իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցել են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: