ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում երեկ արել է քաղաքական մանիպուլյացիա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով դիտարկմանը, որ գաղտնալսման մասով երեկ վարչապետն ամբողջական իրավիճակը ներկայացրել է։

«Վարչապետը որեւէ ամբողջական իրավիճակ չի ներկայացրել, նա ԱԺ-ում երեկ արել է քաղաքական մանիպուլյացիա, շատ հմուտ, բարձր կլասի գործիչ է եւ ինչ պետք է ֆռռացնում, սիրուն ասում է»,-նշեց նա։

Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին հարցին, որ ՀՀ-ն նոր բռնապետ ունի, արդյոք Փաշինյանը բռնապե՞տ է, Շարմազանովը վերահաստատեց․ «Նիկոլ Փաշինյանի՝ հայտնի, էմոցիոնալ ելույթը, որով կոչ է անում բոլորին ասֆալտին պառկեցնել՝ հայտնի չէ որ օրենքով, «սեւերի ու սպիտակների» մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն քաղաքական տեռորի ժամանակաշրջանի մեկնարկի մասին։ Սա իմ կարծիքն է, բայց ես չեմ ուզում, որ իմ կարծիքն ընդունեք որպես վերջին ճշմարտություն»։