Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է  ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ  Զարեհ Մինասյանին եւ Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանական եւ քաղաքային իշխանությունների հետ կապերի շարունակականությունը եւ բարձր գնահատել 2014 թվականին Կալիֆոռնիայի խորհրդարանի եւ սենատի  համատեղ որոշումը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

«Համոզված եմ, որ այդ հռչակագիրն ամրապնդելու լավագույն միջոցը նմանատիպ փոխադարձ այցելություններն ու իրար հետ համագործակցելու նոր ուղիների որոնումն է»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Սենատոր Էնթոնի Պորտանտինոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում եւ Արցախում համագործակցության իրենց նախանշած ուղղությունները: Սենատորի խոսքով՝ Հայաստանում աշխատանքներն ավելի շատ կենտրոնացած կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, իսկ Արցախում՝ գյուղատնտեսության ճյուղի  զարգացման ուղղությամբ: Էնթոնի Պորտանտինոն նաեւ խոսել է մարդու իրավունքների ասպարեզում եւ ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ սենատում իր ծավալած գործունեության մասին:

Կողմերը քննարկել են արտաքին քաղաքական իրավիճակին  եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող թեմաներ: 

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը եւ ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: