Բելգիան Ռուսաստանին է արտահանձնել  միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուս Ալի Գեխաեւին, որը ֆինանսավորել է  ԻՊ զինյալներին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:

Ըստ ԴԱԾ տվյալների, 2015 թվականից Գեխաեւը մշտապես բնակվել է ԵՄ տարածքում, որտեղից ֆինանսապես աջակցել է Սիրիայում ահաբեկիչներին:

ԴԱԾ հաղորդագրության համաձայն, մայիսին ռուսական կողմի օգնությամբ նրան ձերբակալել են Բրյուսելում եւ նախաարտահանձնման կալանքի ենթարկել:

Հետագայում Բելգիան բավարարել է նրան հանձնելու խնդրանքը, իսկ սեպտեմբերի 14-ին Գեխաեւը արտահանձնվել է Ռուսաստանին:

Օգոստոսի վերջին Գերմանիան Ռուսաստանին հանձնեց միջազգային հետախուզման մեջ գտնվող Կաբարդինո-Բալկարիայի քաղաքացուն, որը Սիրիայում ահաբեկիչների կողմից էր պայքարում: