Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի եւ առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:

Խոսելով ներկայիս մարտահրավերների եւ առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ  Արցախի հարցում  այժմ կարեւորագույն խնդիրը անվտանգության եւ կարգավիճակի ապահովումն է:  

Մտքեր են փոխանակվել երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը: