Մոսկվայում ձերբակալվել են երկու երիտասարդներ, որոնցից մեկը Քենիայի բնակիչ է, իսկ մյուսը`հայ: 27-ամյա Մուսիո Մսիոկեն եւ 26-ամյա Անդրոնիկ Ավագյանը ծանոթացել են Կրասնոդար քաղաքում, երբ ուսանել են տեղի համալսարանում: Որոշ ժամանակ անց, թողնելով բուհը, նրանք մեկնել են Մոսկվա, հույս ունենալով, որ աշխատանքի կտեղավորվեն:
Քենիայի բնակիչը «դիջեյ» է աշխատել գիշերային ակումբներում, իսկ նրա ընկերը հմտացել է աէրոգրաֆիայի ոլորտում, սակայն հետագայում նրանք որոշել են փող վաստակել անօրինական ճանապարհով:
Բանն այն է, որ երիտասարդները ինտերնետ-խանութների միջոցով ապրանքներ են պատվիրել, հիմնականում թանկարժեք բջջային հեռախոսներ, նոութբուքներ եւ ֆոտոապարատներ: Երբ առաքիչը տեղ է հասցրել ապրանքը, նրանք սպառնալով ատրճանակի եւ էլեկտրաշոկերի միջոցով հափշտակել են ապրանքն ու թաքնվել: Հասցված վնասը բավական մեծ է եղել` մոտ 20-25 հազար ռուբլի:





























