«Ոստիկանները» սերիալը (որը էկրան կբարձրանա մոտ ժամանակներս) նկարահանվում է Հայաստանի Ոստիկանության գիտությամբ, ավելին ՀՀ Ոստիկանությունը մասնագիտական խորհրդատվոթյուն եւ  եւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ֆիլմի հեղինակներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանի Ոստիկանության լրատվության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Ահարոնյանը։

«Մեր աջակցության նպատակը մեկն  է, որպեսզի ոստիկանի կերպարի եւ նրա գործառույթների վերատադրությունը կինոնկարում հավուր պատշաճի ներկայացվի։ Եթերը հեղեղած սերիալներում հաճախ ենք ականատես լինում ոստիկանի կերպարի եւ նրա գործունեության ոչ ճիշտ ներկայացմանը։ Հատկանշական է, որ «Ոստիկանները» սերիալի հեղինակները իրենք էլ շահագրգռված են ոստիկանի կերպարի պատշաճ ներկայացմամբ եւ իրենք են խնդրել մասնագիտական խորհրդակցություն տրամադրել իրենց»,- պատմեց Ահարոնյանը։

Հարցին, թե ի սկզբանե ո՞վ է հղացել նմանօրինակ սերիալ նկարահանելու գաղափարը՝ ոստիկանությո՞ւնը, թե՝ ամեն դեպքում տվյալ հեռուստաալիքը, Աշոտ Ահարոնյանն արձագանքեց. «Ճիշտ է այս ֆիլմը նկարահանելու միտքը ծագել է այդ հեռուստաընկերության  մոտ, սակայն այնպես չէ, որ մեզ այդ գաղափարը դուր չի եկել։ Իհարկե, ցանկալի է, որ եթերով ոստիկանության  եւ ոստիկանների մասին որակյալ ֆիլմեր ցուցադրվեն»,- նկատեց Ոստիկանության լրատվության վարչության պետի պաշտոնակատարը։

Վերջում Ահարոնյանը նկատեց, որ ՀՀ Ոստիկանությունը տեխնիկական օգնություն (հագուստների, ավտոմեքենաների տրամադրում) եւ խորհրդատվություն տրամադրում  է ոստիկանական դրվագներ պարունակող այլ ֆիլմերի նկարահանող խմբերին եւս։

Նշենք, որ նմանօրինակ մի նախագիծ իրականացվել է նաեւ հարեւան Վրաստանում։ Օրերս այդ երկրի ներքին գործերի նախարարությունում կայացել է վրացի ոստիկանների մասին համակարգչային 3D խաղի շնորհանդեսը։