Իրանական Ահվազ քաաքում զինվորական շքերթի ժամանակ հարձակում իրականացրած ահաբեկիչները կապված են ԱՄՆ-ի եւ իսրայելական արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ IRNA-ի հետ զրույցում նման դիրքորոշում է հայտնել Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեքարչին:

«Այդ ահաբեկիչները պատրաստվել եւ կազմակերպվել են Պարսից ծոցի երկու երկրների կողմից»,- Շեքարչիի խոսքերն է վկայակոչում Reuters գործակալությունը:

«Նրանք «Իսլամական պետության» կամ այլ խմբավորման անդամներ չեն, որոնք պայքարում են  Իրանի իսլամական համակարգի դեմ, բայց նրանք կապված են ԱՄՆ-ի եւ իսրայելական «Մոսադի» հետ»,- ասել է նա:

Ավելի ուշ Reuters-ը հաղորդել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են ԻՊ-ի զինյալները:

Ահվազում ահաբեկչության հետեւանքով, վերջին տվյալներով, առնվազն 24 մարդ է զոհվել, 53 վիրավոր կա: