Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման պարտադիր պահանջ, սակայն ԿԸՀ-ն որոշել է այս դեպքում՝ եւս դրանք հրապարակել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով, հանրային վերահսկողության եւս մեկ լրացուցիչ գործիք տրամադրելու տեսանկյունից այդ ցուցակները կսկանավորվեն եւ կհրապարակվեն:
«Սկանավորումը կսկսվի այսօր ժամը 12-ից: Դա հնարավորություն է տալու բոլորին հետեւելու այդ ցուցակներին, անճշտություններ կամ կեղծ ստորագրություններ հայտնաբերվելու պարագայում սահմանված են ժամկետներ դիմում ներկայացնելու հետ կապված: Եթե կհայտնաբերվեն նման բաներ, ես կհորդորեի ներկայացնել դիմումներ, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովներին իրականացնել վարույթներ»,-ասաց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը նշեց, որ մինչեւ քվեարկության օրը ԿԸՀ-ն որեւէ դիմում չի ստացել. «Քվեարկության օրը եղել են բազմաթիվ ահազանգեր, որովհետեւ ԿԸՀ-ն գործում էր վերլուծությունների կենտրոն: Ստացվում էին հեռախոսազանգեր եւ բոլորին արձագանքը եղել է բավականին արագ: Սակայն գրավոր դիմումներ ոչ ԿԸՀ-ն, ոչ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել»:
Մուկուչյանի խոսքով, այսօր ժամը 12-ից սկսվում է ժամկետը մինչեւ երեկոյան 18.00-ն եւ վաղն առավոտյան եւս մեկ ժամ, որը վերաբերելու է վերահաշվարկի վերաբերյալ, կոնկրետ տեղամասերում անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումների ներկայացմանը. Այս պահի վերաբերյալ նման դիմումներ չկան:




























