Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է բովանդակալից լինի:

Այս մասին սեպտեմբերի 26-ին ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորության մասին հարցին:

«Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը սկսի իրականացնել պայմանավորվածությունները: Տասնամյակների դառը փորձ կա, երբ ադրբեջանական կողմը համաձայնում է, ապա հրաժարվում է կատարել համաձայնությունները: Խոսքն առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է:

Սա միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումն է եւ Կասպրշիկի խմբի ընդլայնումը: Մենք բազմիցս ասել ենք, եւ կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը խոչընդոտում է համաձայնագրերի իրականացումը», - ասաց Բալայանը` հավելելով, որ այդ հարցերը կբարձրացվեն Նյու Յորքում հանդիպման ժամանակ:

Միեւնույն ժամանակ, ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է հանդիպումներին եւ բանակցությունների շարունակմանը: «Պարզապես հանդիպումը չպետք է ինքնանպատակ լինի, այն պետք է բովանդակալից լինի», - ասաց Բալայանը:

Պատասխանելով ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին, ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին դա անհնար է, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնական փաստաթղթերով սահմանված պարամետրերին: «Քննարկումներ չեն եղել եւ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա», - ասաց Բալայանը: