Յոթ տարեկան երեխան iPhone-ի iOS 12 թարմացված համակարգի նոր գործառույթներից մեկում խոցելիություն է հայտնաբերել: Այս մասին գրել է երեխայի հայրը՝ PropellerGuy ծածկանունով Reddit-ի օգտատերը, հաղորդում է Lenta-ն:
Նրա խոսքով, երեխան կարողացել է շրջանցել «Էկրանային ժամանակ» սահմանափակ գործառույթը, որը թույլ է տալիս ծնողներին վերահսկել, թե որքան ժամանակ է երեխան խաղեր խաղում: Երբ խաղային ժամանակն ավարտվել է, որդին ջնջել է ծրագիրը, App Store-ի «Գնումներ» բաժնից նորից բեռնել այն եւ շարունակել առանց սահմանափակումների խաղալ:
Հայրը կասկածել է, որ երեխան ավելի շատ ժամանակ է անցկացնում խաղեր խաղալով, քան թույլատրվում է եւ միայն մի քանի օր անց խնդրել է երեխային բացահայտել գաղտնիքը:
«Ես անգամ չեմ բարկանում: Ես ապշած եմ», — ասել է նա:
iOS 12-ը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին: Նորարարությունների մեծ մասը կապված է արագ եւ օպտիմալացված աշխատանքի հետ: Բացի այդ, ամեն շաբաթ սմարթֆոնը գրաֆիկ է կազմում, որը ցույց էտալիս, թե որքան ժամանակ է օգտատերն անցկացնում հավելվածներում:




























