Ռուսաստանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա կազմակերպության գործունեության վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ռուսական կողմը, ինչպես նաեւ մյուս անդամ-երկրները, հետաքրքրված են, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ի արդյունավետության եւ համակարգված գործունեության վրա»,- ասել է Պանկինը։

Նրա խոսքերով՝ «հայկական կողմը նախաձեռնել է այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Գործընթացը սկսված է, եւ իրականացվում է ՀԱՊԿ-ում գործող ընթացակարգով»։

Փոխնախարարը հավելել է, որ. «կազմակերպության երկարամյա գործունեւության փորձը տալիս է վստահորեն առաջ նայելու բոլոր հիքերը»։

«Առջեւում մի շարք կարեւոր միջոցառումներ կան, այդ թվում՝ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կկայանա այս տարվա նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, եւ որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացման հետ կապված հարցերը»,- ասել է նա։

Պանկինը նշել է, որ ներկայում «ՀԱՊԿ-ում աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումներն ըստ ծրագրի իրականացվում են»։